Սոնա Հայրապետյան, Փաստաբան, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտ և
դասախոս
2023 թվականի սեպտեմբերի 19-20-ին Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմի արդյունքում՝ ավելին քան 120,000 էթնիկ հայեր բռնի տեղահանվեցին իրենց պատմական հայրենիքից։ Տեղահանության արդյունքում Լեռնային Ղարաբաղի ամբողջ տարածքը հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության լիակատար վերահսկողության ներքո և Լեռնային Ղարաբաղի հայությունը փաստացի մեկ տարուց ավելի է զրկված է՝ իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքը լիարժեք տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու հնարավորությունից։ Հարկ ենք համարում նշել, որ Ադրբեջանը Եվրոպայի խորհրդի անդամ պետություն է, ինչը նշանակում է, որ ստանձնել է մի շարք միջազգային պարտավորություններ, այդ թվում՝ պաշտպանել և հարգել անձանց սեփականության իրավունքը։
Բռնի տեղահանության արդյունքում՝ ի թիվս մյուս կենսական իրավունքների՝ ոտնահարվել է նաև Լեռնային Ղարաբաղի հայության սեփականության իրավունքը, որը ամրագրված և երաշխավորված է բազմաթիվ միջազգային իրավական փաստաթղթերով, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածով։ Համաձայն Կոնվենցիային կից թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք։ Ոչ ոքի չի կարելի զրկել նրա գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով։
Կոնվենցիային կից թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի շրջանակներում երաշխավորված սեփականության իրավունքից զրկելու և փոխհատուցում չտրամադրելու հարցը քննարկելիս՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ընդգծել է, որ որևէ նպատակ չի կարող արդարացնել մարդկանց իրենց գույքից օգտվելու հնարավորությունից զրկելը և այդ միջամտության դիմաց որևէ փոխհատուցում չտրամադրելը։ Այսինքն՝ պետությունները չեն կարող մարդկանց պարզապես զրկել իրենց սեփականության իրավունքից և որևէ ձևով փոխհատուցում(compensation) չտրամադրել։
Ռազմական գործողությունների արդյունքում և կյանքի իրավունքից զրկվելու ամիջական սպառնալիքի ներքո՝ Լեռնային Ղարաբաղի հայությունը հարկադրված լքել է իր հայրենիքը՝ այնտեղ թողնելով Լեռնային Ղարաբաղի իշխանությունների և իրավասու մարմինների կողմից տրամադրված սեփականության իրավունքը հավաստող փաստաթղթերով իրենց պատկանող գույքը։ Մինչ օրս՝ Լեռնային Ղարաբաղի հայությունը անվտանգության անմիջական սպառնալիքի ներքո շարունակաբար զրկված է՝ վերադառնալու և իր սեփականությունից օգտվելու հնարավորությունից։
Կարևոր է հատուկ ընդգծել, որ իրավունքների շարունակական խախտման փաստը հաստատվում է նաև այն հանգամանքով, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը զրկված է Կոնվենցիայի շրջանակներում իրավունքների խախտման և դրանց նախկին վիճակի վերականգման, ինչպես նաև համապատասխան փոխհատուցման պահանջները ներպետական դատական ատյանների առաջ բարձրացնելու հնարավորությունից։ Ակնհայտ է, որ Ադրբեջանի ներպետական դատական ատյանները Լեռնային Ղարաբաղի հայության համար չեն հանդիսանում արդյունավետ դատական պաշտպանության միջոցներ, իսկ Լեռնային Ղարաբաղի հայությունը չի կարող Հայաստանի Հանրապետության դատական ատյաններում պահանջ ներկայացնել ընդդեմ Ադրբեջանի Հանրապետության։
Անհրաժեշտ է նշել, որ Հայաստանի Հանրապետությունը 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի հայության գույքային իրավունքների պաշտպանության պահանջով Եվրոպական դատարան է ներկայացրել 4-րդ միջպետական գանգատ ընդդեմ Ադրբեջանի Հանրապետության, որի շրջանակներում Եվրոպական դատարանը կորոշի նաև հավաքական իմաստով Լեռնային Ղարաբաղի հայությանը փոխհատուցում տրամադրելու սահմանաչափերը, ինչպես նաև իրականացման ընթացակարգը՝ ընդհանուր հանձնաժողով ձևավորելու, թե անհատական գանգատ ներկայացնելու ընթացակարգ կիրառելով արդարացի փոխհատուցում ստանալու միջոցով։ Սա նշանակում է, որ բռնի տեղահանված Լեռնային Ղարաբաղի այն հայերը, ովքեր անհատապես գանգատ չեն ներկայացրել դատարան, զրկված չեն լինի իրենց իրավունքների խախտման համար համապատասխան փոխհատուցում ստանալու հնարավորությունից, սակայն, ամեն դեպքում այս հարցը վերջնական կորոշի Եվրոպական դատարանը։
Առանցքային նշանակություն ունի նաև այն հարցը, թե Կոնվենցիայի իմաստով սեփականության իրավունքի պաշտպանության առարկա ինչն է հանդիսանում։ Համաձայն Եվրոպական դատարանի ձևավորված նախադեպային իրավունքի՝ դիմումատուն կարող է վկայակոչել Կոնվենցիային կից թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտման մասին միայն այն դեպքում, եթե վիճարկված որոշումները վերաբերվել են իր «գույքին»: «Գույք»-ը կարող է լինել «գոյություն ունեցող սեփականությունը» կամ ակտիվները, ներառյալ`պահանջները, որոնց առնչությամբ դիմումատուն կարող է վիճարկել, որ առնվազն ունի սեփականության իրավունքից անարգել օգտվելուց «իրավական ակնկալիք»։ «Ակնկալիքը» համարվում է իրավական, եթե այն հիմնված է օրենսդրական դրույթի կամ քննարկվող գույքի վերաբերյալ իրավական ակտի վրա։ Ըստ էության, Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածը դիտարկելիս «սեփականություն» հասկացությունը շատ լայնորեն է մեկնաբանվում: Մասնավորապես, 1-ին հոդվածի պաշտպանության ներքո են շարժական և անշարժ գույքը, նյութական կամ ոչ նյութական շահերը, ինչպիսիք են օրինակ՝ բաժնետոմսերը, արտոնագրերը, կենսաթոշակի իրավունքը վարձակալության իրավունքը և դրա հետ կապված բաց թողնված օգուտը և այլն։
Լեռնային Ղարաբաղի հայության սեփականության իրավունքների պաշտպանության պատշաճ ապահովման տեսանկյունից կարևոր է իմանալ և հաշվի առնել, որ անհրաժեշտ է պահպանել բոլոր այն փաստաթղթերը, որոնք որևէ ձևով հավաստում են կամ prima facie (առերևույթ) ապացույցներ են պարունակում Լեռնային Ղարաբաղի հայության գույքի նկատմամբ ունեցած իրավունքների վերաբերյալ, քանի որ անձը, ով բողոքում է, որ իր սեփականության իրավունքը խախտվել է, պետք է առաջին հերթին ապացուցի, որ այդ իրավունքը գոյություն է ունեցել:
Ըստ այդմ, հատուկ ուշադրության արժանի հանգամանք է նաև Եվրոպական դատարան գանգատ ներկայացնելու համար քննարկվող ժամկետների հարց։ Համաձայն Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքով ամրագրված դիրքորոշումների՝ այն դեպքերում, երբ խախտումը կրում է շարունակական կամ անընդհատ բնույթ, այսինքն՝ մեկ անգամ չի դրսևորվում, այլ պարբերաբար շարունակվում է, ինչպես օրինակ՝ Լեռնային Ղարաբաղի հայությունը մեկ տարուց ավելի զրկված է իր սեփականության իրավունքից, ուստի ցանկացած պահի անհատների կողմից կարող է ինչպես անհատական, այնպես էլ խմբային տարբերակով գանգատ ներկայացվել Եվրոպական դատարան։ «Շարունակական իրավիճակ» հասկացությունը վերաբերում է դեպքերի այնպիսի հանգամանքներին, որոնց առկայությամբ դիմումատուները դառնում են պետության կողմից կամ նրա անունից իրականացվող շարունակական գործողությունների զոհը: Երբ ենթադրյալ խախտումն ենթադրում է շարունակական իրավիճակ, որի դեմ որևէ իրավական պաշտպանության ներպետական միջոց չկա, չորսամսյա ժամկետը սկսվում է հաշվարկվել միայն այն ժամանակ, երբ այդ իրավիճակն ավարտվում է: Այնքան ժամանակ քանի դեռ շարունակական իրավիճակը շարունակվում է, չորսամսյա ժամկետի կանոնը կիրառելի չէ։
Դատարանը ժամկետների մասով նման դիրքորոշում է հայտնել և ճանաչել սեփականության իրավունքի համատեքստում շարունակվող խախտման հայեցակարգը՝ համանման հանգամանքների մասով՝ «Լոիզիդուն ընդդեմ Թուրքիայի» (Loizidou v. Turkey) գործով: Այս դեպքում դիմումատուն Հյուսիսային Կիպրոսում գտնվող գույքի սեփականատեր էր, որը նա ստիպված էր եղել լքել 1974 թվականին կղզու այդ հատվածի թուրքական օկուպացիայից հետո: Հաշվի առնելով, որ դիմումատուն փաստաթղթերով շարունակում էր լինել իր տան սեփականատերը, inter alia, Դատարանը արձանագրեց, որ 1974թ.-ից ի վեր նրան զրկել էին փաստացի իր գույքից օգտվելու և հասանելիություն ունենալու իրավունքից, ինչպես նաև այն տիրապետելու և օգտագործելու բոլոր հնարավորություններից: Այսպիսով, հասանելիության շարունակական մերժումը հավասարազոր էր թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածով նախատեսված իրավունքների խախտմանը։
Ամփոփելով վերոնշյալը՝ անհրաժեշտ ենք համարում առանձնացնել այն քայլերի հաջորդականությունը, որոնք անհրաժեշտ են նախաձեռնել՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայության սեփականության խատխված իրավունքների դիմաց փոխհատուցում ստանալու համար ինչպես անմիջական, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարում, չնայած՝ Հայաստանի Հանրապետության կողմից Ադրբեջանի Հանրապետության դեմ Եվրոպական դատարան ներկայացված 4-րդ գանգատին։
Ըստ այդմ, այդ գործողությունները ենթադրում են՝
- սեփականության իրավունքը հաստատող կամ հավաստող ապացույց հանդիսացող բոլոր փաստաթղթերի պահպանումը, որոնք կարող են ներառել սեփականության իրավունքների վերաբերյալ գրքույկներ, փաստաթղթեր, գնման պայմանագրեր, հարկային գրառումներ, ծանուցումներ և Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից տրված ցանկացած իրավական փաստաթուղթ: Նման փաստաթղթերը ծառայում են որպես սեփականության իրավունքի առկայության ապացույց և անհրաժեշտ կլինեն ցանկացած իրավական գործընթացի կամ փոխհատուցման պահանջի ներկայացման համար, անկախ նրանից՝ անհատական, թե կոլեկտիվ ընթացակարգերով այն կիրականացվի։
- բռնի տեղահանության վերաբերյալ փաստաթղթերը, մասնավորապես՝ ՀՀ-ի կողմից տրամադրված ժամանակավոր կացության փաստաթղթերը կամ դրանց պատճենները, որոնք հաստատում են նրանց բռնի տեղահանությունը: Սա կօգնի հիմնավորել միջազգային իրավունքի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հայության սեփականության իրավունքների շարունակական խախտումների վերաբերյալ պնդումները:
- հնարավորության առկայության դեպքերում ներկայացնել անհատական գանգատներ Եվրոպական դատարան։ Նրանց համար, ովքեր ի վիճակի են, անհատական գանգատներ ներկայացնելը Մարդու իրավունքների եվրոպական դատարան արդարադատության հասնելու կարևորագույն քայլ է: Քանի դեռ իրավիճակը շարունակվում է, Լեռնային Ղարաբաղի հայությունը կարող է գանգատներ ներկայացնել՝ կապված Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածի խախտման փաստի, արդարացի փոխհատուցում ստանալու պահանջների հետ կապված։ Անհրաժեշտ է իմանալ, որ Եվրոպական դատարան գանգատ կարող են ներկայացնել ֆիզիկական անձինք իրենց ոչ փաստաբան ներկայացուցիչների միջոցով ևս, սակայն գանգատի ընդունելության փուլից սկսած՝ Ձեր գործը և շահերը ներկայացնելու իրավունք կունենա միայն Ձեր փաստաբանը։
- փաստագրել և պահպանել սոցիալական տարբեր հարթակների միջոցով ադբեջանական տեղեկատվական հարթակների կողմից տարածվող Լեռնային Ղարաբաղի հայությանը պատկանող գույքի ոչնչացման, վնասման կամ նմանաբնույթ ցանկացած գործողությունների իրականացման վերաբերյալ տեսանյութերը, նկարները և այլ ապացույցները։
Այսպիսով, Լեռնային Ղարաբաղի հայության սեփականության իրավունքների պաշտպանությունը բարդ և շարունակական գործընթաց է, որը պահանջում է համակարգված պահպանել սեփականության իրավունքը հավաստող ապացույցները, մասնակցել իրավական գործընթացներին՝ անհատական գանգատների միջոցով կամ աջակցելով միջպետական դիմումին, պահպանել շարունակական խախտման վերաբերյալ բոլոր փաստաթղթերը և ապացույցները։ Եվրոպական դատարանը, ի վերջո, վճիռ կկայացնի տեղի ունեցածի վերաբերյալ, սակայն տեղահանված Լեռնային Ղարաբաղի հայության ակտիվ ներգրավվածությունն այս գործընթացում չափազանց կարևոր է՝ արդարացի փոխհատուցում ստանալու և նրանց ունեցած օրինական սեփականության իրավունքները վերականգնելու համար:
Գրականության ցանկ
- Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը՝ Չիրագովը և այլք ընդդեմ Հայաստանի գանգատ թիվ 13216/05, § 201
- (J.A. Pye (Oxford) Ltd and J.A. Pye (Oxford) Land Ltd ընդդեմ Միացյալ Թագավորությունների, § 61, J.A. Pye (Oxford) Ltd and J.A. Pye (Oxford) Land Ltd ընդդեմ Միացյալ Թագավորությունների (որոշում), § 74 (գ), հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://hudoc.echr.coe.int/eng?i=001-82172 ։ Kopecký ընդդեմ Սլովակիայի (ՄՊ), § 35 (գ), հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://hudoc.echr.coe.int/eng?i=001-66758
- Saghinadze and Others ընդդեմ Վրաստանի, § 103), հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://hudoc.echr.coe.int/fre?i=001-98885
- Pressos Compania Naviera SA v. Belgium A332 (1995), հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://hudoc.echr.coe.int/eng?i=001-58056, Carbonara and Ventura v. Italy (30 May 2000), հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://hudoc.echr.coe.int/eng?i=001-58595, Former King of Greece and Others v. Greece (23 November 2000), հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://rb.gy/mo5ay6
- Pištorová ընդդեմ Չեխիայի Հանրապետության, § 38, հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://hudoc.echr.coe.int/fre?i=001-67204 ։ Zakharov ընդդեմ Ռուսաստանի, § 131, հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://hudoc.echr.coe.int/fre?i=001-159324
- Iordache ընդդեմ Ռումինիայի դատական գործը, § 49, հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://hudoc.echr.coe.int/fre?i=001-186902
- Sabri Güneş ընդդեմ Թուրքիայի (ՄՊ), § 54, հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://hudoc.echr.coe.int/eng?i=001-111957, Varnava and Others ընդդեմ Թուրքիայի (ՄՊ), § 159, հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://hudoc.echr.coe.int/eng?i=001-94162
- Iordache ընդդեմ Ռումինիայի դատական գործը, § 50, հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://hudoc.echr.coe.int/fre?i=001-186902
- Loizidou ընդդեմ Թուրքիայի, գանգատ թիվ 15318/89, հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://hudoc.echr.coe.int/eng?i=001-58007