Գրիգոր Երիցյան, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ
Հայաստանում տղամարդկանց միայն 19%-ն է նախընտրում, որ իր առաջնեկն աղջիկ լինի (Armenia Country Gender Assessment, 2024)1: Հայ տղամարդկանց 75%-ը կարծում է, որ նախադպրոցական երեխաների համար ավելի լավ է չաշխատող մայր ունենալ։ Ամեն չորրորդ տղամարդն իր կնոջն արգելում է աշխատել (Handbook for engaging men and boys for gender equality, 2023)5։ Ըստ տղամարդկանց 44%-ի՝ կինը պետք է հանդուրժի բռնությունը, որպեսզի պահպանի ընտանիքը։ 61%-ն էլ կարծում է՝ եթե կինը դավաճանել է, նրան կարելի է ծեծել (Men and Gender Equality in Armenia, 2016)10։
Տղամարդկանց այս պատկերացումները հայ իրականության մեջ թունավոր առնականության դրսևորման ընդամենը մի քանի օրինակներ են։ Թեև «թունավոր առնականություն» եզրույթը հազվադեպ է հանդիպում հայաստանյան հասարակական-քաղաքական դիսկուրսում, դրա բազմազան դրսևորումները կարելի է նկատել կյանքի բոլոր ոլորտներում՝ ընտանիքից աշխատաշուկա, բիզնեսից քաղաքականություն։ Չնայած դրան, Հայաստանում բացակայում են առնականության վերաբերյալ համապարփակ ուսումնասիրությունները։
Ի՞նչ է թունավոր առնականությունը
Թունավոր առնականության վերաբերյալ քննարկումներն սկսվել են նախորդ դարի 80-ականներին, իսկ առավել լայն շրջանակներն այս եզրույթն օգտագործում են 2000-ականներից սկսած՝ բնութագրելու առնականության ավանդական և կարծրատիպային այն նորմերը, որոնք ազդում են տղամարդկանց կյանքի ձևավորման վրա, այդ թվում՝ տղամարդկանցից ագրեսիվ, կոպիտ, համարձակ և գերիշխող լինելու ակնկալիքները (Flood, 2019)4։ Թունավոր առնականությունը տղամարդկանց մի շարք հատկանիշների համախումբն է, այդ թվում՝ մրցակցելու և ուրիշներին գերիշխելու անհրաժեշտությունը (Kupers, Toxic Masculinity as a Barrier to Mental Health Treatment in Prison 2005 – https://bit.ly/3Zuan2O, 2005)5։
Թունավոր առնականությունն առնականության այն տեսակն է, որը վնասում է հանրության բարօրությունը բռնության, կնատյացության, ագահության և այլ ճնշող միջոցներով (Kupers, Toxic Masculinity as a Barrier to Mental Health Treatment in Prison, 2005)6։ Այլ կերպ ասած՝ թունավոր առնականությունն իր մեջ ներառում է «իսկական տղամարդ» լինելու մասին այն պատկերացումները, որոնք վնասում են թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց։
Այնուամենայնիվ, առնականության ոչ բոլոր ձևերն են թունավոր կամ վնասակար: Թունավոր առնականության դրսևորումներ են, օրինակ, երբ տղամարդիկ չարաշահում են ալկոհոլը, ոչ սթափ վիճակում մեքենա են վարում, որպեսզի ապացուցեն իրենց տղամարդկությունը կամ կոնֆլիկտներ են հրահրում ուժեղ երևալու համար։
Խոցելիությունն անհամատեղելի է առնականության հետ։ «Իսկական տղամարդ» լինելը բացառում է, որ տղամարդիկ կարող են լինել խոցելի և վախի կամ վտանգի զգացում ունենալ, ճիշտ հակառակը՝ «իսկական տղամարդ»-ը պետք է լինի ֆիզիկապես ուժեղ և ագրեսիվ, պետք է վերահսկողություն պահպանի ընտանիքի և իր սոցիալական շրջանակների նկատմամբ, կոնֆլիկտները լուծի ուժ և բռնություն գործադրելու միջոցով։
Ի հակադրություն՝ կարեկցանքը, հոգատարությունը և զգացմունքային լինելը համարվում են «թուլություն», և, հետևաբար, անհամատեղելի են «իսկական տղամարդ» լինելու հետ: Այս խեղաթյուրված պատկերացումները հանրության վրա փաթաթվում են մեդիայի և քաղաքական դերակատարների կողմից, և թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ վերարտադրում են դրանք։
Թունավոր առնականության հայկական երանգները
Հայկական առնականության մասին խոսելիս պետք է ընդգծել, որ հայաստանյան հանրային դիսկուրսում կա առնականության մասին պատկերացումների բաց, տղամարդկային «իդեալների» փնտրտուք (Ա․ Կոջոյան, 2016)12։ «Իսկական հայ տղամարդը» պետք է լինի լավ որդի և հայր, խստապահանջ ամուսին և հավատարիմ ընկեր, քաջ զինվոր և հայրենիքի պաշտպան։ Հայ տղամարդը ծնողների հույսն ու հպարտությունն է, իր ընտանիքի և հայրենիքի պաշտպանը․ արժանապատիվ և առատաձեռն, հուսալի և դիմացկուն, պատասխանատու և սկզբունքային։
Փոփ մշակույթն ու մեդիան հիմնականում ռոմանտիզացնում և խրախուսում են այս պատկերացումները, հանցավոր ենթամշակույթները, ագրեսիան և տղամարդու գերիշխող վարքագիծը՝ ներկայացնելով դրանք որպես հայ տղամարդու վարքագծի հերոսական տարրեր: Դեռ վաղ տարիքից տղաները սովորում են, որ խոցելիությունը «տղամարդկային» չէ, և որ տղամարդը պետք է մշտապես ապացուցի իր ուժը։
2023-ին Հայաստանում անցկացված հետազոտությունից պարզ է դառնում, որ տղամարդիկ ստույգ պատկերացում չունեն առնականության վերաբերյալ։ Այնուամենայնիվ, նրանք ունեն որոշ ասոցիացիաներ, որոնք ուղղակիորեն կապում են առնականության հետ։ Մեծամասնության համար առնականությունը նախևառաջ ասոցացվում է այնպիսի հատկանիշների հետ, ինչպիսիք են՝ ուժը, իշխանությունը, ագրեսիվությունը, ռացիոնալությունը, պատասխանատվությունը, քաջությունը, համարձակությունը, լրջություն, վճռականությունը, զսպվածությունը և այլն (ՀԱԵ, 2023)14։
«Իսկական տղամարդու» մասին այսպիսի պատկերացումներն, իհարկե, հատուկ չեն միայն Հայաստանին, բայց նորանկախ Հայաստանում առնականության մասին պատկերացումները ձևավորվել են հատկապես պատերազմի և շարունակական անվտանգային մարտահրավերների համատեքստում․ զինվորի կերպարը հատուկ նշանակություն ունի հայ հասարակությունում, քանի որ տղամարդիկ մեծամասամբ սոցիալականացվում են որպես ազգի ապագա պաշտպան, հայրենիքի ու սեփական ընտանիքի պատվի ու արժանապատվության պահապան:
Թունավոր առնականությունը սերտ փոխկապակցված է միլիտարիզմի հետ (Masculinities In The South Caucasus Forms, Hierarchies, And Challenges, 2024)9։ Թեև պատերազն առաջին հերթին դաժանության և կորուստների մասին է, պատերազմական հասարակություններում տղամարդկանց կողմից բռնության և ուժի գործադրումը հակառակորդի նկատմամբ խրախուսվում և գովերգվում է։ Ինչպես յուրաքանչյուր պատերազմ, այնպես էլ Հայաստանում տասնամյակներ շարունակվող պատերազմն ու ռազմական գործողությունները պահանջել են ձևավորել առասպել, որ ազգի ուժը կապված է նրա պաշտպանների «տղամարդկության» և հայրենասիրության հետ, իսկ կանանց դերը ռազմաճակատում հաղթանակի համար կռիվ տվող հերոսներին աջակցելն է։
Կանանց և երեխաներին «պաշտպանելը» տղամարդու պարտքն է, և միայն բանակում ծառայելով է հնարավոր «տղամարդ դառնալ»։ Այս առասպելը հասարակությունից դուրս է մղում բոլոր այլընտրանքային խոսույթները, որոնք կարևորում են դիվանագիտությունը, բանակցությունները, կարեկցանքը կամ հակառակորդի դիրքորոշման ըմբռնումը, որոնք իրենց հերթին տանում են խաղաղության, հանդուրժողականության և հաշտության: Ռազմական ոլորտն իր բնույթով հիմնված է առնականացված և բռնությունը խրախուսող կառուցվածքների և հարաբերությունների վրա (Մ․ Խալաթյան, 2024)15։
«Իսկական հայ տղամարդու» մասին պատկերացումները փոխկապակցված են նաև քրեական և հանցավոր մշակույթի հետ։ 90-ականներին քրեական արժեհամակարգը ոչ միայն մատուցվել է որպես «նորմայի» ևս մի տեսակ, այլև դարձել էր զանգվածային փոփ մշակույթի մաս, քանի որ հեռուստատեսությունը և շոու բիզնեսի մյուս գործիքները բացահայտորեն սկսեցին դրա հանրայնացումը և ռոմանտիկ ոճով մատուցումը, մասնավորապես բազմաթիվ ֆիլմերի և սերիալների միջոցով (Գրիգորյան, 2024)13։ Քրեական ենթամշակույթը Հայաստանում դեռևս պահպանվում է որպես հասարակական երևույթ, ինչպես նաև զգալի չափով ներկայացված է քաղաքական դաշտում (Գրիգորյան, 2024)13։
Տղամարդկանց առնականության մասին պատկերացումների ձևավորման վրա ազդում են ընտանիքը, միջավայրը, «փողոց»-ը, կրթությունը, ԶԼՄ-ները, աշխատավայրը, բանակը, կրոնը և այլն: Թունավոր առնականության ձևավորման առումով հատկանշական է երեխայի հոր, իսկ հոր բացակայության դեպքում պապի, հորեղբոր, ավագ եղբոր դերը, քանի որ տղաները կարևորում են արական սեռի տարիքով մեծ, հասուն և հեղինակավոր կերպարի ազդեցությունը (ՀԱԵ, 2023)14։
Թունավոր առնականության ազդեցությունը տղամարդկանց և կանանց վրա
Թունավոր առնականության զոհերն առաջին հերթին կանայք են։ Թունավոր առնականությունն ամրապնդում ու սնուցում է բռնության մշակույթը․ բռնություն երեխաների, կանանց և տղամարդկանց նկատմամբ։ 2010-ից 2020 թվականներին մեր երկրում առնվազն 83 կին սպանվել է զուգընկերոջ կամ ամուսնու կողմից (Country Gender Profile Armenia, 2021)2։ Հայաստանում դեռ 2011-ին իրականացված ԵԱՀԿ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հայ կանանց շուրջ 60%-ը կյանքում գոնե մեկ անգամ ենթարկվել է ընտանեկան բռնության (Domestic Violence Survey in the Republic of Armenia , 2011)3, իսկ 2023 թվականի առաջին 10 ամիսներին Հայաստանում գրանցվել է կանանց և աղջիկների նկատմամբ ընտանեկան բռնության շուրջ 1600 դեպք (Some 1,600 cases of violence against women and girls reported in Armenia , 2023)11։
Թեև կարող է պարադոքսալ թվալ, բայց թունավոր առնականությունը ճնշող և վնասակար է ոչ միայն կանանց, այլև հենց տղամարդկանց համար, ովքեր ձգտում են բավարարել իրենցից «իսկական տղամարդ» լինելու հասարակության անիրատեսական ակնկալիքները։ Մի շարք հետազոտություններ ապացուցել են թունավոր առնականության բացասական ազդեցությունը տղամարդու հոգեկան և ֆիզիկական առողջության վրա։ Օրինակ՝ կարծրատիպերով առաջնորդվող տղամարդիկ ավելի քիչ հավանական է, որ իրենց առողջական խնդիրների լուծման նպատակով դիմեն մասնագետների (Kupers, Toxic Masculinity as a Barrier to Mental Health Treatment in Prison, 2005)7, քանի որ չեն ուզում թույլ թվալ հասարակության աչքին: Տղամարդիկ հաճախ գերագնահատում են իրենց առողջական վիճակը, ամաչում են խոստովանել վատառողջ լինելու փաստը և հրաժարվում բուժօգնությունից, որպեսզի չընդունեն «սեփական թուլությունները» (Տղամարդիկ և գենդերային հավասարության հիմնախնդիրը Հայաստանում։ Սոցիոլոգիական հետազոտության արդյունքների զեկույց, 2016)16։ Այդպիսի տղամարդիկ նաև խուսափում են սեր կամ քնքշանք ցուցաբերել իրենց կանանց և երեխաների նկատմամբ։
Տղամարդիկ, ովքեր տարբեր պատճառներով չեն բավարարում «իսկական տղամարդ» լինելու հասարակության ակնկալիքները, այս կամ այն պատճառով չեն ծառայել բանակում, հեռու են քրեական ենթամշակույթներից, ունեն տարբերվող հագուկապ կամ հետերոսեքսուալ չեն հիմնականում ենթարկվում են ծաղրի և մարգինալացման, ինչն իր հերթին կարող է նպաստել հոգեկան առողջության խնդիրների առաջացմանը, թմրամիջոցների և ալկոհոլի չարաշահմանը և այլն:
Թունավոր առնականությունից առողջ առնականություն
Թունավոր առնականության մասին քննադատաբար խոսելն ամենևին տղամարդկանց դեմ չէ, ընդհակառակը՝ տղամարդկանց համար է։ Թունավոր առնականության սահմանափակող նորմերը բացասաբար են ազդում տղամարդկանց հուզական և սոցիալական աճի, ինչպես նաև հոգեկան առողջության վրա՝ առաջացնելով առողջական խնդիրներ և խաթարելով տղամարդկանց հարաբերություններն իրենց ընտանիքի անդամների և սիրելի մարդկանց հետ։
Թեև թունավոր առնականության վնասակար հետևանքները անհերքելի են, կարևոր է նշել, որ առնականության ոչ բոլոր ձևերն են թունավոր: Ընդունելով թունավոր առնականության գոյությունը և հասկանալով դրա բացասական ազդեցությունը՝ հնարավոր է խթանել առնականության ավելի առողջ ձևեր։
Առողջ առնականությունը հիմնված է կարեկցանքի, հուզական ինտելեկտի և կոնֆլիկտները խաղաղ ճանապարհով լուծելու վրա։ Աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, կան քիչ թվով անհատներ և կազմակերպություններ, որոնք սկսել են վերաիմաստավորել, թե ինչ է նշանակում լինել տղամարդ՝ կենտրոնանալով տղամարդկանց առողջության, գենդերային հավասարության և բռնության կանխարգելման գործընթացներում տղամարդկանց ներգրավման վրա։
2023 թվականից Հայաստանում իրականացվող «Վերաիմաստավորելով առնականությունը» ծրագիրն, օրինակ, նպատակ ունի ներգրավել տղամարդկանց և տղաներին՝ հանուն գենդերային հավասարության և ընդդեմ բռնության։ Ծրագրի շրջանակներում 18-ից 25 տարեկան երիտասարդ տղամարդիկ սովորում են արտահայտել իրենց զգացմունքները, փնտրել աջակցություն, երբ կա դրա կարիքը, մերժել բռնությունը, կոտրել վնասակար կարծրատիպերը և մարտահրավեր նետել առնականության ավանդական պատկերացումներին:
Հայաստանում իրականացվող մեկ այլ նախաձեռնություն՝ «Հայրիկների դպրոց» թեմատիկ քննարկում-հանդիպումների շարքը, նպատակ ունի Գյումրիում, Վանաձորում և Իջևանում տղամարդկանց համար ստեղծել ապահով տարածքներ, որպեսզի նրանք նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու միջոցով դառնան ավելի ներգրավված հայրեր և աջակցող զուգընկերներ։ Այդպիսով կազմակերպիչները նպաստում են կանանց ու տղամարդկանց դերերի վերաբերյալ կարծրատիպերի փոփոխմանը:
Առնականության ավելի առողջ ձևերի խրախուսումն իհարկե պահանջում է կոլեկտիվ ջանքեր՝ անհատներից, ծնողներից, կրթական հաստատություններից, հասարակական կազմակերպություններից, բայց թունավոր առնականության վերափոխումն անհնար է, եթե տղամարդիկ չեն գիտակցում և ընդունում դրա գոյությունը և կործանարար ազդեցությունն իրենց և իրենց սիրելիների կյանքի և առողջության վրա։ Այս առումով շատ կարևոր է ընդգծել, որ գենդերային հարցերը միայն կանանց հարցեր չեն, և տղամարդկանց անհրաժեշտ է ներգրավել առնականության, գենդերային նորմերի, գենդերային բռնության, սեռականության, վերարտադրողական առողջության, երեխաների խնամքի և տնային պարտականությունների հավասար բաշխման մասին խոսակցություններում։ Առանց տղամարդկանց ակտիվ ներգրավման և մասնակցության, շարունակական կրթության և առողջացման անհնար է խոսել գենդերային հավասարության կամ բռնության կանխարգելման մասին։
Գրականության ցանկ
- (2024). Armenia Country Gender Assessment. World Bank group. Retrieved from https://bit.ly/4g3jK0m
- (2021). Country Gender Profile Armenia. EU 4 Gender Equality Reform. Retrieved from https://bit.ly/3ZpbKzJ
- (2011). Domestic Violence Survey in the Republic of Armenia . OSCE. Retrieved from https://bit.ly/3OIDCtV
- Flood, M. (2019). Toxic masculinity: A primer and commentary . Retrieved from https://bit.ly/4ioDVro
- (2023). Handbook for engaging men and boys for gender equality. Retrieved from https://bit.ly/4g3jK0m
- Kupers, T. A. (2005). Toxic Masculinity as a Barrier to Mental Health Treatment in Prison. Retrieved from https://bit.ly/3Zuan2O
- Kupers, T. A. (2005). Toxic Masculinity as a Barrier to Mental Health Treatment in Prison. Retrieved from https://bit.ly/3Zuan2O
- Kupers, T. A. (2005). Toxic Masculinity as a Barrier to Mental Health Treatment in Prison 2005 – https://bit.ly/3Zuan2O. Retrieved from https://bit.ly/3Zuan2O
- (2024). Masculinities In The South Caucasus Forms, Hierarchies, And Challenges. Retrieved from https://bit.ly/4g4JkSH
- (2016). Men and Gender Equality in Armenia. https://bit.ly/3BencGx. Retrieved from https://bit.ly/3BencGx
- (2023). Some 1,600 cases of violence against women and girls reported in Armenia . Retrieved from https://bit.ly/41qJdg4
- Ա․ Կոջոյան, Ա. Գ. (2016). Առնականությունն ու գենդերային բռնությունը հայկական հեռուստասերիալներում . Retrieved from https://bit.ly/3ZHgRwx
- Գրիգորյան, Ա. (2024). Քրեական բարքերի, ենթամշակույթի և «տղամարդկություն» Եզրույթի առնչությունը, Masculinities in the South Caucasus Forms, Hierarchies, And Challenges. Retrieved from https://bit.ly/4g4JkSH
- ՀԱԵ, Հ. (2023). Ուսումնասիրելով «առնականություն» հասկացությունը. Հայաստանում երիտասարդ տղամարդկանց շրջանում «առնականության» վերաբերյալ ընկալումները.
- Մ․ Խալաթյան, Ն. Մ. (2024). Կանանց կամավոր հիմունքներով պարտադիր զինվորագրման քաղաքականության քննադատական ուսումնասիրություն. Retrieved from https://bit.ly/3Bm8ixY
- (2016). Տղամարդիկ և գենդերային հավասարության հիմնախնդիրը Հայաստանում։ Սոցիոլոգիական հետազոտության արդյունքների զեկույց. Retrieved from https://bit.ly/4f7Egf9