Կանանց (չ)մասնակցությունը խաղաղարարական պաշտոնական գործընթացներում

Գոհարիկ Տիգրանյան, Հետազոտող, սոցիալական ոլորտի փորձագետ

Ներածություն

Կանանց դերը խաղաղաշինական ու կոնֆլիտների լուծման գործընթացներում մեծ ուշադրության է արժանացել վերջին տասնամյակներում, մասնավորապես՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325 բանաձևի ընդունումից հետո, որը կարևորեց կանանց ընդգրկումը խաղաղության գործընթացներում (1325: Security Council Resolution on Women and Peace and Security, 2000), որը ճանաչում է զինված հակամարտությունների անհամաչափ ազդեցությունը կանանց վրա, ինչպես նաև կարևորում նրանց դերը կոնֆլիկտների կարգավորման և խաղաղաշինության մեջ։ Ի հավելումն սրան, 2015-ին ընդունվեց նաև ՄԱԿ ԱԽ 2242     բանաձևը, որը շեշտադրում է կանանց թվի մեծացումը խաղաղապահ ուժերում (United Nations Security Council Resolution 2242, 2015), ինչպես նաև Կայուն զարգացման նպատակները, մասնավորապես ԿԶՆ 5-ը (SDG 5) և ԿԶՆ 16-ը (SDG 16), ընդգծում են գենդերային հավասարության և ներառական հասարակությունների անհրաժեշտությունը՝ կարևորելով կանանց դերը խաղաղության և անվտանգության պահպանման գործում։ Այս փաստաթղթերը կոչ են անում ապահովել կանանց ակտիվ մասնակցությունը խաղաղաշինական բոլոր գործընթացներում՝ ճանաչելով նրանց ներդրումը որպես տևական և կայուն խաղաղության հասնելու հիմնական պայման։

Չնայած միջազգային մակարդակում որոշակի գործիքակազմի ստեղծմանը, քանակական ցուցանիշները ցույց են տալիս, որ կանանց մասնակցությունը պաշտոնական խաղաղաշինական ու կոնֆլիտների լուծման գործը     նթացներում ցածր է ինչպես համաշխարհային, այնպես էլ տարածաշրջանային մակարդակում՝ ներառյալ Ղարաբաղյան հակամարտության կոնտեքստում։ Համաձայն Արտաքին հարաբերությունների խորհրդի հրապարակած տվյալների, աշխարհում 1992-ից 2019 թվականներին կանայք ներկայացնում էին բանակցողների միայն 13%-ը, միջնորդների 6%-ը և խաղաղ գործընթացներում փաստաթղթեր ստորագրողների 6%-ը (Council on Foreign Relations, 2022):

Կանանց ներգրավվածությունը  ֆորմալ ու ոչ ֆորմալ գործընթացներին

Կանանց քաղաքական մասնակցությունը

Մինչ խաղաղաշինական գործընթացներին անդրադառնալը, կարևոր է նախ ուսումնասիրել կանանց քաղաքական մասնակցությանը։ Քաղաքական մասնակցությունը հիմք է դնում ներառական կառավարման և որոշումների կայացման համար, որոնք էական նշանակություն ունեն արդյունավետ խաղաղաշինության համար։ 

Տարիների ընթացքում Հայաստանում կանանց մասնակցությունը քաղաքական գործընթացներին աստիճանաբար աճել է։ 1991 թվականին կանայք զբաղեցնում էին ընդամենը 6% խորհրդարանական մանդատների, որը 2017 թվականին աճեց՝ հասնելով մոտ 9.9%-ի։ 2023 թվականին կանանց ներկայությունը Ազգային ժողովում արդեն կազմում է 35.5%, ինչը պայմանավորված է գենդերային քվոտաների ներդրմամբ։ Չնայած այս առաջընթացին, գործադիր պաշտոններում կանանց ներկայացվածությունը սահմանափակ է՝ ընդամենը 17% (Council on Foreign Relations, 2024)։ Համեմատած Ադրբեջանի և Վրաստանի հետ, Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել օրենսդրական ներկայացվածության ոլորտում, սակայն դեռևս առկա են խոչընդոտներ գործադիր ոլորտում ներգրավվածության հարցում։

Կանանց մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացներում

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, 1994 թվականի զինադադարից հետո, խաղաղության պաշտոնական բանակցություններում գերակշռում են Հայաստանի, Ադրբեջանի և միջազգային միջնորդների տղամարդ ներկայացուցիչները: Այս բոլոր փուլերում, սակայն, նկատելի է, որ կանանց ներգրավվածությունը միշտ էլ մնացել է սահմանափակված՝           պայմանավորված       բանակցություններում գերակշռող տղամարդկանց կազմերով։

Ղարաբաղյան հակամարտությունն ու դրա շուրջ դիսկուրսը կարելի է բաժանել մի քանի փուլերի՝ մինչև 1994 թվականը բանակցություններ խաղաղության հաստատման համար, որոնք առաջ են տարվել անվտանգային ուժային կառույցների կողմից:  Այս փուլում բանակցություններին մասնակցում էին առանցքային ռազմական և քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով եղել է բանակցությունների գլխավոր դեմքը, ինչպես նաև Վազգեն Սարգսյանը, ով որպես պաշտպանության նախարար կարևոր դեր էր խաղում։ Երկրորդ փուլը, որը սկսվեց 1994 թվականից հետո Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության ժամանակ, ընդգրկեց նոր դերակատարներ։ Վարդան Օսկանյանը, ով զբաղեցնում էր Ա     րտաքին գործերի նախարարի պաշտոնը, ակտիվորեն ներգրավեց իր անձնակազմին բանակցությունների մեջ, այդ թվում՝ որոշ կանանց, այդուհանդերձ, բանակցային գործընթացը շարունակեց մնալ հիմնականում տղամարդկանց գերակշռումով (Hovhannes Nazaretyan, 2021), Lusine Sargsyan, 2021)։ 

Այս շրջանին հաջորդել է Էդվարդ Նալբանդյանի պաշտոնավարումը, երբ բանակցությունները փոխեցին իրենց ձևաչափը՝ դրանք սահմանափակելով բացառապես նախարարի ու նախագահի մակարդակով, և վերջին փուլը Զոհրաբ Մնացականյանի գլխավորությամբ, որտեղ բանակցություններում ներգրավված անձնակազմն ընդլայնվեց, ներառելով ոչ միայն նախարարին ու վարչապետին, այլ նաև տարբեր գործընկերների տարբեր գերատեսչություններից (Gohar Abrahamyan, 2021)։ Այս շրջանակներում կարևորվեց Աննա Նաղդալյանի դերը, ով զբաղեցնում էր ԱԳՆ մամուլի խոսնակի դերն ու ապահովում էր հասարակության իրազեկվածությունը բանակցությունների ընթացքի վերաբերյալ։ 

Բանակցությունների ողջ ընթացքում կարևոր էր նաև Մինսկի խմբի մասնակցությունը, որը գլխավորում էին Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները։ Կանանց սահմանափակ ներգրավվածությունը Մինսկի խմբի բանակցություններում ընդգծում է գենդերային ներկայացվածության զգալի բացը բարձր միջազգային դիվանագիտության մեջ:

Այս գործընթացների հետ մեկտեղ, Հայաստանի դիվանագիտական կորպուսում կին դեսպանների թիվը երբեք չի գերազանցել 15%-ը, և կանայք երբեք չեն զբաղեցրել արտաքին քաղաքականության ոլորտի հիմնական պաշտոններ (Oxygen, 2023)։ Ներկայումս Հայաստանի դեսպաններից 14%-ը կանայք են, սակայն մշտական ներկայացուցիչների թվում կանայք չկան (European Union, 2024)։ Այս առումով, չնայած կանանց դերը դիվանագիտության մեջ աճել է, այն դեռևս սահմանափակ է, ինչը արտացոլում է նաև բանակցային գործընթացում նրանց ներգրավվածության պատմական բնույթը։

Քաղաքացիական հասարակության ու փորձագիտական համայնքի կին ներկայացուցիչների քայլերը (կիսապաշտոնական և ոչ պաշտոնական բանակցություններ)

1994 թվականի զինադադարից հետո երկուսուկես տասնամյակների ընթացքում եղել են մի շարք ոչ պատշոնական (Track 2) նախաձեռնություններ, որոնք ուղղված են հակամարտությունների կարգավորմանը և/կամ հակամարտությունների վերափոխմանը (Peaceful Change initiative, 2019): Այս նախաձեռնություններում կանանց ներգրավվածությունն ավելի բարձր է։ Ամենավաղ օրինակներից է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր (1990-1995), որտեղ ՀՀՇ խմբակցության և ՀՀ ԳԽ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Անահիտ Բայանդուրը, ով հավատացած էր, որ երկու ժողովուրդները պատրաստ են խաղաղության ու իր ջանքերն ուղղել էր հենց այդ ուղղությամբ։ 1993 թվականին Ադրբեջանի և Հայաստանի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի ազգային կոմիտեների նախագահներ Արզու Աբդուլլաևան և Անահիտ Բայանդուրը արժանացան Օլաֆ Պալմե խաղաղության մրցանակին՝ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում իրենց կատարած աշխատանքի ու հանրային դիվանագիտության զարգացման համար (Վիքիդարան, 2024): Սակայն նման ջանքերը նվազեցին կողմերի միջև աճող լարվածության պատճառով։ 

Հետագայում խաղաղաշինական ծրագրերը, որոնք նախաձեռնվել ու իրականացվել են քաղաքացիական հասարակության ու փորձագիտական համայնքի կողմից միշտ չէ, որ հստակ վերաբերմունքի են արժանացել Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Բայց դա չի խանգարել, որ ՀՀ կողմից կանայք ներգրավված լինեն այսպիսի նախաձեռնություններում, որոնք հաղորդակցության կամուրջ էին ստեղծում երկու հասարակությունների միջև։  Այսպիսի նախաձեռնություններում ներդրում են ունեցել մի շարք ֆեմինիստական, հետազոտական ու երիտասարդական կազմակերպություններ:

Կանանց ներգրավվածության վերաբերյալ հասարակական ընկալումներն ու խնդիրները

Չնայած որ ոչ պաշտոնական երկխոսություններում կանանց մասնակցությունն ավելի բարձր է եղել, հստակ է, որ դիվանագիտության մեջ կանանց ներգրավվածությունը դեռևս շատ ցածր մակարդակի վրա է։ Այս փաստն առավել մտահոգիչ է, երբ հաշվի ենք առնում, որ կանանց մասնակցությունը կարող է բերել նոր և բազմաշերտ մոտեցումներ, որոնք անհրաժեշտ են այսպիսի բարդ գործընթացների համար: Այս խնդիրի վերաբերյալ հասարակական դիսկուրսները նույնպես սակավ են։ Հատկանշական է, որ հակամարտության ողջ ընթացքում կանայք ավելի հաճախ դիտարկվել են որպես զոհ կամ ուղիղ թիրախ, սակայն ոչ որպես պաշտոնական բանակցություններում ներգրավված գործիչներ։

Սրա մասին վկայում են քաղաքական տարբեր ոլորտներում կանանց ներգրավվածության ցուցանիշները։ Չնայած որ Հայաստանը տարածաշրջանում առաջատար է կանանց՝ քաղաքականության մեջ ներգրավվածության ցուցանիշով, կարևոր է դիտարկել, թե որքանով են քանակական տվյալները արտացոլում որակը։ Այս հարցի վերլուծության համար անհրաժեշտ է դիտարկել, թե կանայք մասնակցության սանդուղքում որտեղ են տեղակայված, և նույնիսկ որպես զոհ կամ թիրախ դիտարկվելիս, ինչքանով են նրանք ներառվել կամ ներկայացված եղել բանակցային գործընթացներում։ Այս անաչառ գնահատումը թույլ կտա հասկանալ, թե որքանով են կանայք ներառված եղել ոչ միայն որպես ներկայացվող կողմ, այլև     որպես որոշումներ կայացնող դերակատարներ։

Բանակցային գործընթացի բոլոր պատմական փուլերում էլ պահպանվում է «կանանց մասին տղամարդիկ» մոտեցումը։ Այս մոտեցումը ցույց է տալիս, որ տղամարդիկ հիմնականում ղեկավարում են դիսկուրսը՝ սահմանափակելով կանանց մասնակցության հնարավորությունները, ինչը կրկին անգամ վկայում է գենդերային անհավասարության մասին։ Փորձագետների հետ զրույցներում նշվում էր, որ նախկինում ավելի շատ խոսվում էր, որ այս հակամարտությունն անվտանգային խնդիր է      և այն ուժային կառույցների գործն է։ Ավելին, այս կառույցներում կանայք բարձր պաշտոններ չեն զբաղեցրել, ինչը ևս խնդիր է։ Պատճառները բազմաթիվ են՝ սկսած պետական քաղաքականությունից մինչև հասարակական կարծրատիպեր ու դերերի բաժանում։ Այնուամենայնիվ, փորձագետները նշում էին, որ կանանց մասնակցությունը հնարավորություն կտար այս հակամարտության բանակցային գործընթացին մոտենալ բազմաշերտ, մարդակենտրոն և իրավունքահեն      մոտեցմամբ։ Սա հատկապես կարևոր է, քանի որ կանայք կարող են բերել այնպիսի մոտեցումներ, որոնք բացահայտում են նոր ուղիներ, նորարարական լուծումներ և ընդգծում են մարդու իրավունքների կարևորությունը խաղաղության գործընթացներում:

Չնայած որ վերջին տարիներին բանակցային գործընթացներում մոտեցումների փոփոխություն տեղի ունեցավ, հատկապես մարդու իրավունքների տեսանկյունից, սակայն կանանց ուղիղ ներգրավվածության մակարդակը սրանից չբարձրացավ։ Այս իրողությունը վկայում է, որ փոփոխությունները դեռևս չեն հասցրել ազդել կանանց լիարժեք ներգրավման վրա, ինչը կարևոր է բանակցային գործընթացների արդյունավետության համար: Շատ փորձագետներ նշում են, որ այս փոփոխությունը կարող էր ավելի վաղ տեղի ունենալ և արժանանալ խորքային քննարկումների, ընդլայնվելով մշակութային ժառանգության, մարդկային ցավի ու մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում, եթե կանայք ավելի լայնորեն ներգրավվեին բանակցային գործընթացներում։

Սակայն այս խնդրում գերակշռող են հասարակական կարծրատիպերն ու թերի ընկալումները։ Պետական մակարդակով էլ միտվածություն կա ոչ թե կանանց բանակցային գործընթացներում ընդգրկելուն, այլ նրանց մասին խոսելուն։ Օրինակ, Միավորված Ազգերի Կազմակերպության Անվտանգության Խորհրդի «Կանայք, Խաղաղություն և Անվտանգություն» N 1325 Բանաձևի Դրույթների Իրականացման 2022-2024 թթ. Գործողությունների Ազգային Երկրորդ Ծրագրում ոչ մի հատուկ քայլ չի նախատեսվում, որը կանդրադառնար կանանց պաշտոնական բանակցություններում ներգրավմանը (Կանայք, Խաղաղություն և Անվտանգություն» N 1325 Բանաձևի Դրույթների Իրականացման 2022-2024 թթ. Գործողությունների Ազգային Երկրորդ Ծրագիր, 2022): Այս հանգամանքն արտացոլում է այն փաստը, որ պետությունը դեռևս չի ընդունում կանանց ներգրավման կարևորությունը բանակցային գործընթացներում, ինչն էլ իր հերթին խոչընդոտում է ավելի համապարփակ և տևական լուծումների որոնմանը։

Երկրորդ կարևոր խնդիրն այն է, որ բանակցային գործընթացում հակամարտության      կողմերի պատվիրակություններում           կանանց բացակայությունը ևս հանգեցրել է այն պատկերացմանը     , որ Հայաստանի կողմից կնոջ ներառման փորձը կարող է ընկալվել որպես անլուրջ քայլ։ Մյուս հաճախ      հնչող պատճառը կադրերի պակասն է։ Սակայն թե մեկը և թե մյուսը փաստահեն չեն, քանի որ կանայք ոչ պաշտոնական խաղաղաշինական գործընթացներում հաջողություններ գրանցել են, ինչը խոսում է եղած պոտենցիալի, այլ ոչ դրա բացակայության մասին։ Ավելին տարբեր հետազոտություններ հստակ ցույց են տալիս, որ կանանց ներգրավվածությունը նշանակալիորեն բարձրացնում է խաղաղության համաձայնագրերի երկարաժամետ կայությունը, մասնավորապես՝ կանանց մասնակցույունը 20 տոկոսով ավելացնում եմ խաղաղության համաձայնագրի առնվազն երկու տարի պահպանվելու հավականականությունը, իսկ 15 տարվա կտրվածքով այդ ցուցանիշը աճում է 35 տոկոսով (UN Women)։ 

Հայաստանը, որպես միջազգային փաստաթղթերի վավերացրած պետություն, որն ընտրել է ժողովրդավարության ուղին, պետք է առաջնորդվի ներառականության սկզբունքով՝ դառնալով կանանց պաշտոնական բանակցային գործընթացներում ներգրավող առաջամարտիկ։

Գրականության Ցանկ

  1. 1325: Security Council Resolution on Women and Peace and Security, S/RES/1325 (2000). https://peacemaker.un.org/node/105
  2. Council on Foreign Relations. (2022). Women’s Participation in Peace Processes. https://www.cfr.org/womens-participation-in-peace-processes/
  3. Council on Foreign Relations. (2024). Women’s Power Index [Map]. https://www.cfr.org/article/womens-power-indexhttps://www.cfr.org/article/womens-power-index
  4. European Union. (2024). COUNTRY GENDER PROFILE ARMENIA: EU4GENDEREQUALITY REFORM HELPDESK. https://euneighbourseast.eu/wp-content/uploads/2024/04/eu4genderhelpdesk_armenia_countrygenderprofile_2024-cgp_v3__compressed.pdf
  5. Gohar Abrahamyan. (2021, September 24). The Nikol Pashinyan Administration: 2018-Present. EVN Report. https://evnreport.com/magazine-issues/the-nikol-pashinyan-administration-2018-present/
  6. Hovhannes Nazaretyan. (2021, September 21). The Levon Ter-Petrosyan Administration: 1991-1998. EVN Report. https://evnreport.com/magazine-issues/the-levon-ter-petrosyan-administration-1991-1998/
  7. Lusine Sargsyan. (2021, September 22). The Robert Kocharyan Administration: 1998-2008. EVN Report. https://evnreport.com/magazine-issues/the-robert-kocharyan-administration-1998-2008/
  8. Manisha Sarade. (2024, November 18). Gendered dimensions of the Nagorno-Karabakh conflict [Blogpost]. LSE. https://blogs.lse.ac.uk/wps/2020/11/18/gendered-dimensions-of-the-nagorno-karabakh-conflict/
  9. Nika Musavi. (2024, October 5). The Psychological Consequences of the Karabakh Wars in Azerbaijan: The Womanly Face of Trauma. Heinrich-Böll-Stiftung Logo Heinrich-Böll-Stiftung. https://ge.boell.org/en/2024/05/10/psychological-consequences-karabakh-wars-azerbaijan-womanly-face-trauma
  10. Oxygen. (2023). RESEARCH REPORT ON PERSPECTIVES FOR WOMEN’S PARTICIPATION IN SECURITY AND PEACE PROCESSES IN ARMENIA [Research Report]. Oxygen. https://oxygen.org.am/wp-content/uploads/2023/03/Research-Report-WEPS_ENG-05.03.2023-final.pdf
  11. Peaceful Change initiative. (2019). Youth Participation in Decision-Making and Peacebuilding in Armenia. https://peacefulchange.org/wp-content/uploads/2021/12/REPORT_ENG_FINAL.pdf
  12. Sheila Paylan. (2024, July 15). A Peace to Fail All Peace Why the Armenia-Azerbaijan Normalization Process is Doomed. EVN Report. https://evnreport.com/opinion/a-peace-to-fail-all-peace/
  13. UN. (n.d.-a). Sustainable Development Goal 5. Retrieved August 15, 2024, from https://sdgs.un.org/goals/goal5
  14. UN. (n.d.-b). Sustainable Development Goal 16. Retrieved August 15, 2024, from https://sdgs.un.org/goals/goal16
  15. United Nations Security Council Resolution 2242, 7533rd meeting, 15-17716 (E) (2015). https://www.securitycouncilreport.org/atf/cf/%7B65BFCF9B-6D27-4E9C-8CD3-CF6E4FF96FF9%7D/s_res_2242.pdf
  16. Ziemer, U. (2020). Women’s everyday lives in war and peace in the South Caucasus. Palgrave Macmillan.
  17. Կանայք, Խաղաղություն և Անվտանգություն» N 1325 Բանաձևի Դրույթների Իրականացման 2022-2024 թթ. Գործողությունների Ազգային Երկրորդ Ծրագիր, N 803-Լ, ՀՀ Կառավարություն (2022). https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=163530
  18. Վիքիդարան. (2024, January 20). Անահիտ Բայանդուր [Online post].

Similar posts